Սլովակիայի վարչապետն ասել է, որ ՌԴ նկատմամբ պատժամիջոցները չեն գործում
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն գործում, սակայն այդ թեման տաբու է Եվրամիության բարձրագույն մարմիններում։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։ «Ինչի՞ վրա են ազդել պատժամիջոցները: Այո, մեծ հավանականությամբ դրանք կարող են բարդացնել Ռուսաստանի բնակիչների կյանքը, բայց միամտություն է հավատալ, որ եթե Ռուսաստանի քաղաքացին չկարողանա գնել ամերիկյան հեռախոս, ապա նա չի կարողանա այն փոխարինել Չինաստանից կամ մեկ այլ երկրի ներկրված հեռախոսով»,- ասել է Ֆիցոն։
Նրա կարծիքով՝ պատժամիջոցները հանգեցրին նրան, որ Ռուսաստանն անկախացավ այն ոլորտներում, որտեղ նախկինում անկախ չէր։ «Ամենավատն այն է, որ պատժամիջոցները հաճախ վնաս են հասցնում Եվրամիությանը և Սլովակիային»,- հավելել է Ֆիցոն։ Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Սլովակիան չի աջակցի պատժամիջոցների նոր փաթեթին, եթե դրանում ներառվեն խաղաղ ատոմի հետ կապված նախագծերը։ «Ես, որպես կառավարության ղեկավար, չեմ կարող համաձայնվել նման պատժամիջոցի հետ, քանի որ դա կարող է էականորեն վնասել մեզ»,- ասել է Ֆիցոն։