Որ հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօրվա իշխանության օրոք քաղաքական գործիչները «պոդյեզդներում» չեն սպանվում։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին։

Լևոն Քոչարյանը նշեց, որ երկրի իշխանությունը շատ է խոսում ժողովրդավարությունից, բայց արդյոք հաշվե՞լ են, թե քանի անձ է կալանավորված ֆեյսբուքյան գրառման համար, քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել այլակարծության համար։

«Այս իշխանությունը ձախողելով երկրի կառավարումը, բերելով հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ՝ անընդհատ խոսում է ժողովրդավարությունից։ Հստակ տեսնում ենք, որ կա տարբերակված մոտեցում, այդ ամենը աշխատում է, երբ մարդը խոսում է իշխանության դեմ, իսկ երբ հակառակն է լինում, կոծկվում, գնում է, ոչ մեկ չի էլ իմանում։ Կոնկրետ այդ երկրներում քանի՞ հոգի կա կալանավորված նմանատիպ դեպքերով»,- նշեց Քոչարյանը։

Փաշինյանը հերթական անգամ հիշեց իր սիրելի նախկինների թեման՝ ասելով.

«Մենք չենք ուսումնասիրել այլ երկրների վիճակագրությունը։ Միայն մի բան կասեմ` քաղաքական գործիչները «պոդյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծվում, սրա–նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրում էլ հողամասեր չեն սեփականաշնորհվում»։

Լևոն Քոչարյանը հետաքրքրվեց` արդյոք Փաշինյանը չի հոգնե՞լ նախկինների հետ համեմատություններ անելուց` հիշեցնելով, որ վարչապետի շարասյունը վրաերթի ենթարկեց հղի կնոջն ու անգամ կանգ չառավ, և հորդորեց նրան հարին կոնկրետ պատասխանել։

«Չե՞ք հոգնել այդ համեմատություններն անելուց։ Գնանք մինչև Ստալին հասնենք, որ մարդկանց էին գնդակահարում։ Արդեն 6 տարի է՝ իշխանության եք, որ հարց եմ տալիս, փորձեք կոնկրետ պատասխանել, ես խոսում եմ կոնկրետ երկակի ստանդարտների մասին։ Ես կարող եմ խոսել այն մասին, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկում, լայաղ չի էլ անում մի հատ կանգնի, ես այդ դաշտ չեմ մտնում, ես կոնկրետ հարց եմ տալիս։ Արդարադատության հետ կապված խնդրում եմ մի ծիծաղեցրեք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, երբ խոսքը գնում է քաղաքական որևէ գործընթացի մասին, ապա ուղղակի այնտեղ նստած պեճատում են»-, արձագանքեց Լևոն Քոչարյանը։

Փաշինյանը նշեց, որ հարցուպատասխանի համար խորհրդարանական հարթակն օգտագործելը շատ կարևոր է, իսկ ինչ վերաբերում է իր տված պատասխաններին, Քոչարյանի խնդիրն է, թե որքանով է գոհ մնում դրանցից.

«Իրավունք ունեք հիշել Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը, նրանք ովքեր, «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանին։ Սահամանդրական իմ պարտականությունն է՝ պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին և ես նաև չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս որովհետև դրանք շատ մեծ օգուտներ են բերում։ Դուք տալիս եք հարցեր, ես տալիս եմ իմ պատսխանը, ինչքանով է ձեզ դա գոհացնում, դա ձեր գնահատականն է, ես տալիս եմ այն պատասխանը, որը դուք պետք է ընդունեք ի գիտություն, ինչպես ես եմ ձեր հարցը ընդունում ի գիտություն»։

Տեսանյութեր

Լրահոս