Իրենց հետևից գնացող թափառող շներից վախենալով՝ երեխաները վազել են, ինչի հետևանքով 7-ամյա տղան ընկել է ու մահացել. ՔԿ-ն պարզում է հանգամանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քննություն է իրականացնում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։

Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 09:23-ին «Արարատ» ԲԿ-ի ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7–ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023 թ․ դեկտեմբերի 6-ին ժամը 08:30-ի սահմաններում Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս