ՔՊ-ն փորձում է Մամիկոն Ասլանյանին հավաքագրել. Ասլանյանը չի համաձայնվում. Լևոն Զուրաբյան
Հայ Ազգային կոնգրես՝ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ալավերդիում՝ ընտրված ընդդիմադիր հայամայնքապետին հեռացնելու ՀՀ իշխանությունների ձեռնարկվող քայլերին, հիշեցրեց, որ նույն ոճով գործել է նաև Վանաձորում։
«Գիտեք՝ Վանաձորում ինչ էր տեղի ունենում, Մամիկոն Ասլանյանն ընտրվել էր մեծամասնության կողմից, ուղղակի արդեն ընտրված քաղաքապետի նկատմամբ, որն արդեն պետք է ընտրվեր ավագանու նիստում, քրեական գործ հարուցեցին և ձերբակալեցին։
Դրանից հետո նաև որոշեցին, որ իրավունք չունեն նրան ընտրել, ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին, ընդ որում, հայտնի մի քրեական հեղինակության, որը նույնպես ցույց է տալիս, թե մենք ինչ իշխանության հետ գործ ունենք։
Հետո Սահմանադրական դատարանի որոշումով փաստորեն երկու ամիս առաջ որոշվեց, որ այնուամենայնիվ դա Սահմանադրությանը չի համապատասխանում, և կարող է կրկին ընտրվել Մամիկոն Ասկանյանը։ Սակայն թույլ չեն տալիս, որպեսզի այդ ընտրությունը տեղի ունենա։ Մամիկոն Ասլանյանի հետ վարում են բանակցություններ, որ նրան հավաքագրեն, անցնի ՔՊ-ի կողմը, բայց նա չի հանձնվում, իրեն բավականին պինդ է պահում»,- հավելեց Լևոն Զուրաբյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը ցույց է տալիս մեկ բան՝ իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավարումը։
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
Ուստի, «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։
Հոկտեմբերի 12-ին Ալավերդիի նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում