
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի խորքերում ՀԱՄԱՍ-ի հետ կատաղի մարտերի մասին

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի խորքերում կատաղի մարտեր են մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հետ։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը՝ ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ, կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի տարածքի խորքերում», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի առաջադիրքի վրա անկլավի հյուսիսային մասում։
«Բացի այդ, (խմբ․՝ իսրայելական) ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների, խոցել են հակատանկային հրթիռային կայանքներ, դիտակետեր և առգրավել բազմաթիվ զենքեր», – նշվում է տեքստում։
Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունները Գազայի հատվածում։ Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։
Ինչպես ավելի վաղ Գազայում պաղեստինյան առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ավիահարվածների հետևանքով 8525 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 3542 երեխա։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման անակնկալ հարձակման հետևանքով իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է։ Իսրայելի բանակը հայտնել է նաև, որ վերջին հակամարտության ընթացքում զոհված զինվորականների թիվը 315 է։ ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում Իսրայելից առևանգված 240 մարդ։