Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան ուժերի ավիաբազան․ Reuters
Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան և այլ միջազգային ուժեր, հոկտեմբերի 30-ին հրթիռային հարվածների է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի իր աղբյուրներին։
Նշվում է, որ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է 4 «Կատյուշա» հրթիռ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն զինվորականները հայտնել են, որ հրթիռներն ընկել են ավիաբազայի տարածքից դուրս։
Դրանք արձակվել էին անապատային տարածքից՝ ռազմակայանից 25 կմ հեռավորությունից։ Իրաքի անվտանգության ուժերը որոնում են հարձակվողներին։
Reuters-ը հիշեցնում է, որ ամերիկյան ուժերի վրա հարձակումներն ավելացել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Իրաքի զինված խմբավորումները և Իրանը հայտարարել են, որ կթիրախավորեն ԱՄՆ ուժերին, եթե Վաշինգտոնը միջամտի և աջակցի Իսրայելին Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններում։