
Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Հայոց ամրոց». ո՞վ է ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հոկտեմբերի 27-ին հանրապետությունում գրանցվել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Հայոց ամրոց» անունով: «Փաստ» թերթը փորձեց հասկանալ, թե հայաստանյան քաղաքական խայտաբղետ դաշտում, որտեղ, մեղմ ասած, կուսակցությունների պակաս չկա, ովքե՞ր են որոշել նոր ուժ ստեղծել:
Մեզ հայտնի դարձավ, որ կուսակցության նախագահը Ամրամ Պետրոսյանն է՝ ծնունդով Կապանից։ Որպես հասարակական և քաղաքական գործիչ՝ նորեկ չէ. 2010-2012 թվականներին գլխավորել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցությունը. ի դեպ, նրա ղեկավարությամբ այդ քաղաքական ուժը հասել է իր պատմության ամենաբարձր հաջողությանը՝ Գերագույն ռադայի ընտրություններում զբաղեցնելով 9-րդ տեղը։ Քաղաքագիտության և ազգամիջյան հարաբերությունների միջազգային փորձագետ է, ղեկավարում է Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը:
Թերթի իրազեկ աղբյուրը նշեց, որ «Հայոց ամրոցն» առաջին հերթին ներկայանալու է որպես Հայաստանում սփյուռքի տնտեսական, սոցիալական և մարդասիրական գործունեության տեղակայման սոցիալ-տնտեսական հարթակ, և որ կուսակցությունը դրական է վերաբերվում այլ քաղաքական ուժերի և առաջնորդների հետ փոխգործակցությանն ու երկխոսությանը` զարգացնելու ամենաարդյունավետ ազգային ուղիներն ու ձևերը»: