Արմեն Աշոտյանը ոչնչացրեց այն իրավական ու քաղաքական համակարգը, որ հիմա գործում է իր դեմ. Տիգրան Աբրահամյան
Երևանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկած քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի պնդմամբ՝ տեղի ունեցածը շատ մեծ վերապահումներով կանվաներ դատական նիստ:
«Իհարկե, ի պատիվ Արմեն Աշոտյանի, նա իրավական ու նաև քաղաքական տեսանկյունից՝ ոչնչացրեց այն համակարգը, որը կառուցվել է ու այս պահին էլ աշխատում է իր դեմ՝ գործընթացն իրավականից քաղաքականի վերածելու նպատակով: Մեծ առումով, ի սկզբանե, ակնհայտ է, թե սա ինչ նպատակ է հետապնդում: Այսօր այս դատական համակարգը՝ իր համապատասխան անձանցով, քննչական ու դատախազական մարմիններով, կատարում է բացառապես քաղաքական դերակատարություն: Նաև սրանով էր պայմանավորված, որ յուրաքանչյուր պահի, երբ Արմենը կամ նրա փաստաբանները սկսում են խոսել օբյեկտիվ իրողությունների մասին՝ ստեղծված այդ արհեստական համակարգն ամբողջությամբ ոչնչանում է»,- վստահեցրեց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից բարձրաձայնվող ժողովրդավարությանը՝ ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ միայն հայտարարություններով ժողովրդավարություն չեն կառուցում: Դրա համար, ըստ նրա, պետք են հստակ դրսևորումներ:
«Երբ գալիս են ու խաղաղ ցուցարարներին, այդ թվում և՝ քաղաքական գործիչներին, տարբեր հրապարակներից ու փողոցներից, խաղաղ ցույցեր իրականացնելու համար պարզապես հեռացնում են՝ ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Էլ չեմ խոսում բազմաթիվ գործերի մասին, որոնք որևէ աղերս չունեն իրավական գործընթացի հետ: Այս պահին էլ մեծաթիվ մարդիկ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են, այդ թվում և՝ անչափահասներ ու կանայք, որոնց «մեղավորությունը» մեկ բան է՝ արտահայտել են իրենց իրական կարծիքն ու դիրքորոշումը, և ասել են այս իշխանության մասին այն, ինչ իրականում կա»,- ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք` որ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նախորդ դատական նիստում որոշում էր կայացվել Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը երկարաձգել ևս 3 ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան