Միջազգային կառույցներից և օտարերկրյա դեսպանատներից պահանջս մեկն է՝ ՀՀ իրադարձություններին արձագանքել այնպես, ինչպես մինչ 2018թ. էիք անում. Հայկ Մամիջանյան

«Միջազգային կառույցներին ու դեսպաններին խնդրում եմ Հայաստանում ընթացող գործընթացներին արձագանքել այնպես, ինչպես դա անում էին մինչև 2018 թվականը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին Երևանի հակակոռուպցիոն դատարանի բակում աջակցելու եկած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե այն դեպքում, երբ «Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը» հստակ արձանագրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, ինչո՞ւ են լռում միջազգային մյուս կառույցները:

«Թե ինչու միջազգային կառույցները դա չեն անում, թե ինչու, բացի ընդդիմադիր շրջանակներից, Հայաստանում այդպես էլ ոչ ոք չարձագանքեց Եվրոպայի խոշորագույն քաղաքական կառույցի, Սիրիայի դեմոկրատների միության ու Եվրախորհրդարանի բազմաթիվ պատգամավորների ՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալներին՝ Արմեն Աշոտյանին ու մյուսներին, ազատ արձակելու հայտարարություններին՝ թողնում եմ հանրության եզրակացությանը»,- ասաց պատգամավորը:

168.am-ը հիշեցրեց նաև ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից մինչև 2018 թվականն իրականացրած քայլերը, երբ նա աչքից բաց չէր թողնում որևէ դատական պրոցես, խոսում էր Հայաստանի ժողովրդավարության դրսևորումների մասին:

«Մարդու իրավունքներով, ժողովրդավարական զարգացումներով զբաղվող ցանկացած կազմակերպության պարտքն է արձանագրել, երբ հայրենասերներին, այլախոհներին, քաղաքական գործիչներին, ՀՀ խորհրդարանական խոշորագույն կուսակցության փոխնախագահին ապօրինաբար, բացառապես քաղաքական դրդապատճառներով դատում են»,- տեսակետ հայտնեց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ իր համար առկա լռությունը պարզապես անընկալելի է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս