Նիկոլ Փաշինյան, սուտ ես խոսում, 2020թ. հոկտեմբերի 19-ին դու ես ինձ մի 13 հոգու ներկայությամբ ասել՝ ռուսը չլիներ, ադրբեջանցիները Սյունիքը կվերցնեին. Էդուարդ Շարմազանով
Երևանի հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, ում աջակցելու նպատակով բազմաթիվ քաղաքական գործիչներ են հավաքվել դատարանի դիմաց։
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության փարոս է, ասաց. «Դե, եթե Հայաստանը ժողովրդավարության փարոս է, ապա Նիկոլ Փաշինյանն էլ Պերիկլեսն է կամ Ջեֆերսոնը։ Չի կարելի այդքան ցինիկ լինել: ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը բնութագրելու համար քաղաքագիտության մեջ կա շատ լավ բացատրություն՝ ցինիզմ: Ինչպե՞ս կարելի է… 15-ից ավելի քաղբանտարկյալ կա: Դատարանները շրջափակած, պառլամենտում ընդդիմադիրներին ծեծող, խոսքի ազատությունը ճնշող, խաղաղ ցուցարարներին բռնի ու անհամաչափ ուժ գործադրող, քաղաքացու վրա թքող, շինծու քրեական գործեր իրականացնող իշխանությունը ո՞նց կարող է ժողովրդավար լինել: Եթե Նիկոլը ժողովրդավար է, ապա վաղն էլ նույն այդ դեսպանատունը կարող է Իլհամ Ալիևին էլ «ժողովրդավարության հայր» կոչումը տալ»։
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ դեսպանի նման հայտարարությունը վկայում է այդ երկրի դեսպանատան կողմից վարվող երկակի ստանդարտների մասին:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին շարունակ տրվող ռազմական աջակցությանն ու Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությանը, Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղաշրջումը հնարավոր եղավ իրականացնել Արևմուտքում և Թուրքիայում կենտրոնացած աշխարհաքաղաքական հովանավորների միջոցով:
Ըստ ՀՀԿ ԳՄ անդամի, հենց այդ ուժերի շահառու, ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն էր, որ 2018 թվականի հոկտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից»:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնեց նաև Արևմուտքի կողմից տարվող երկակի ստանդարտների մասին:
«Այսօր Հավաքական Արևմուտքի ու Թուրքիայի խնդիրն է Հայաստանը կտրել Ռուսաստանից, ռուսներին հեռացնել Հարավային Կովկասի տարածաշրջանից: Նիկոլ Փաշինյանն էլ հոժարակամ լծվել է այդ գործիքը դառնալու գործին: Դրա համար էլ նրանք աչք են փակում այս ամենի վրա»,- շեշտեց ՀՀԿ ԳՄ անդամը՝ պնդելով, որ Արևմուտքն առաջնորդվում է իր շահերով, և ո՛չ ժողովրդավարությամբ:
Շարմազանովն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, թե ինքն առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազայի առկայության հարցով.
«Ախր չի կարելի մարդկանց այդքան հիմարի տեղ դնել: Նիկոլ Փաշինյան, դու ես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, ինձ ու մինչև 5 հոգի ընդդիմադիր գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Սյունիքը պահել ենք բացառապես Պուտինի աջակցության արդյունքում, երբ Ռուսաստանն իր դրոշները տեղադրեց Մեղրիից մինչև Տեղ ընկած հատվածում: Եթե դա տեղի չունենար, ապա թուրքերը մտնելու ու գրավելու էին Սյունիքը:
Ո՞նց ստացվեց, որ այդ ժամանակ ռուսը դարձավ Սյունիքի պահապան, իսկ հիմա ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը վերցնի Սյունիքը»,- հարցադրում հնչեցրեց Շարմազանովը՝ վստահեցնելով, որ եթե Ռուսաստանը նման նպատակ ունենար, ապա իրեն չէր հարցնի այն իրականացնելու համար:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան