
Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երկիր

Հայաստանում նոյեմբերի 10-12-ն առաջին անգամ կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի հետ խոսել ենք նախապատրաստական աշխատանքների, հյուրընկալության ընթացքում սպասվող հնարավոր խնդիրների լուծումների, հավաքականի կազմի և սպասվելիք արդյունքների մասին:
«Նախապատրաստական աշխատանքների յուրաքանչյուր փուլ ընթանում է պլանավորածի պես: Մրցաշարի մեկնարկից մի քանի օր առաջ պատրաստ կլինի դահլիճը: Մենք արդեն փորձն ունենք, քանի որ 2022 թվականին հյուրընկալել էինք սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը»,-ասաց Հայրապետյանը:
Սամբոյի ֆեդերացիայի նախագահի խոսքով` աշխատանքները պետական գերատեսչությունների հետ սահուն ընթանում են, և Հայաստանը պատրաստ է հյուրընկալել աշխարհի առաջնությունը:
«Այժմ 70 երկրից մասնակցության հայտ ունենք, սակայն ձգտելու ենք շատացնել մասնակից երկրների թիվը: Հայաստանն ունի այդ ներուժը` հյուրընկալելու առավել շատ մասնակիցների»,-ասաց նա:
Վարվառա Հայրապետյան