Հուշանվեր-թղթադրամներով խարդախությունները շարունակվում են
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ: Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին:
37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և 50 հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20 հազար դրամանոց և մեկ 100 դոլարանոց հուշանվեր-թղթադրամներ:
Հաղորդում է վերցվել նրանց հանցավոր գործունեությունից տուժած մի տղամարդուց: Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդիկ հուշանվեր-թղթադրամներով իրենից գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր: Նա նաև նշել է, որ կասկած չառաջացնելու համար տղամարդիկ մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են: