Ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, թե ինչ է բանակցել Սամվել Բաբայանն Ադրբեջանի հետ. Դա շատ հարցեր է առաջացնում. Շահրամանյան

Այդ մասին ես տեղեկացել եմ ԱԽ նիստերից մեկում, որտեղ նաև հրավիրված էր Սամվել Բաբայանը, որից հետո ես պատահական իր հետ հանդիպել եմ և առաջարկել եմ՝ ինձ ներկայացնի, թույլատրի ծանոթանալ, թե ինչ փաստաթուղթ է քննարկում ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ և որ ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կար:

«Ինքն ասել է, որ 23 կետանոց ինչ-որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի համար ընդունելի է, և երեք կետի վերաբերյալ պետք է քննարկումներ իրականացվի: Բայց ես այդ փաստաթուղթը այդպես էլ չեմ տեսել, նաև չեմ տեսել իմ ընտրվելուց հետո: Այդ խոսակցությունը նաև առաջացել է նաև ԱԺ-ում հայտնի 6-ժամյա քննարկումների ընթացքում, և այնտեղ էլ Սամվել Բաբայանը նշել է, որ բանակցում է ադրբեջանական կողմի հետ: Ես տեղյակ չեմ՝ այդ փաստաթղթում ինչ է նշված, տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ Արցախի համար:

Ճիշտն ասած, այդ հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետև ինձ հետաքրքիր է, թե ում հետ է ինքը քննարկել այդ փաստաթուղթը, ով է իրեն լիազորել Արցախի անունից՝ բանակցել Ադրբեջանի հետ, իր ասելով դա Արայիկ Հարությունյանն է: Եթե Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել այդ փաստաթղթին, դա պետք է քննարկվեր նաեւ ՀՀ ղեկավարության հետ: Գոնե Սամվել Բաբայանի կողմից դա պետք է քննարկվեր:

Մենք եթե դեռ ունենալով Արցախի Հանրապետություն որպես անկախ պետություն, քննարկում ենք դրա կարգավիճակը իջեցնելու հարցը իջեցնելով այն ավտոնոմիայի, ուրեմն մենք պետք է գնանք այն քայլին, որ հենց այդ փաստաթղթով պետք է լուծարվեր Արցախի Հանրապետությունը, և դառնար ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Ինձ մոտ հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց էր իր մոտ համոզմունքը, որ դա իրական փաստաթուղթ է և հնարավոր է դա ընդունվի Ադրբեջանի կողմից»,- հայտարարեց նա:

Շահրամանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից իրեն վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում և իրենք պատրաստ չեն մեզ հետ քննարկել որեւէ կարգավիճակի հարց. «Նրանք պատճառաբանել են, որ իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, և եթե մեզ տրվի որոշակի կարգավիճակ, նրանք էլ պետք է պահանջեին կարգավիճակ: Իրենց խոսքով, իրեքն չեն գնա պետությունը իրենց ձեռքով քանդելու ճանապարհով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս