
Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ. Շահրամանյան

Այո, սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիըը, տեսլականը, և եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ նաև այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները:
Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, և չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ ձևի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները և ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-ասաց Շահրամանյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց նա: