
Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում, մենք քննարկում էինք նրանց հետ հնարավոր վտանգները. Շահրամանյան

Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարավոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ողջ ընթացքում խոսե՞լ է Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մեջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղյակ պահե՞լ է:
«Դուք գիտեք, որ պատերազմի հետևանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարավորությունները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթե խզված էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե Հայաստանը տեղյա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանեց. «Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախիցների կյանքերը փրկելն էր»։