Մարկեդոնով. Երկու դաշնակիցները նկատելի սկզբունքային տարընթերցումներ ունեն

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «The Wall Street Journal» /WSJ» հայտնի պարբերականին, անշուշտ, կուսումնասիրվի «հետղարաբաղյան Հայաստանի» և նրա վարչապետի դիրքորոշման համատեքստում։ Պետք չէ լինել Կասանդրա՝ կանխատեսելու համար, որ դա չի օգնի բարելավել փոխըմբռնումը Երևանի և Մոսկվայի միջև: Այս մասին սոցցանցում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Փաշինյանը, պատասխանելով պարբերականի հարցերին, մասնավորապես ասել է, որ իր երկրի տարածքում ռուսաստանյան ռազմական ներկայությունից առավելություններ չի տեսնում։ Նա նաև հայտարարել է, որ ռուսաստանյան խաղաղապահները չեն կարողացել կամ չեն ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Միայն այս երկու թեզը բավարար է տեսնելու Անդրկովկասի օրակարգի առանցքային հարցերի շուրջ երկու դաշնակիցների միջև եղած սկզբունքային տարընթերցումները։

Սակայն Փաշինյանի հարցազրույցի տեքստը Մոսկվայի և Երևանի միջև խորացող տեղեկատվական և քաղաքական հակասությունների ձևաչափով սահմանափակելը սխալ կլինի։ Դրանում կան բազմաթիվ մտքեր, որոնք լուրջ ուշադրություն են պահանջում։ Առանց ողջ նյութը մանրամասն վերապատմելու՝ մի քանի թեզեր ներկայացնենք։

Նախ՝ Հայաստանի վարչապետը փորձում է իր ընթերցողների ուշադրությունը Ղարաբաղի խնդրից շեղել Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Նա, կարծես, համակերպվել է ԼՂՀ-ի կորստի հետ, թեև չի շտապում ստանձնել դրա պատասխանատվությունը։ Այստեղից էլ ռուսական կողմին ուղղված քննադատական ինվեկտիվները։ Բայց գլխավոր առաջնահերթությունը նա համարում է Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանությունը։

Եվ, ամենայն հավանականությամբ, նա այդ ռազմավարական խնդրի իրականացումը կապում է ոչ թե ՀԱՊԿ-ի, ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ։ Երկրորդ՝ վարչապետի ելույթի պաթոսը կառուցված է դիվերսիֆիկացիայի շուրջ։ Նա չի փորձում հետևել 2004-2008 թթ. -ի Սաակաշվիլիի կիրառած դեղատոմսերին և Մոսկվայի հետ «ամուսնալուծության» չի մղում, թեև նրա քննադատական ​​հարձակումներն արդեն իսկ կրիտիկական լարվածություն են ստեղծել Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Հայաստանի ներկայիս իշխանության հանդեպ։ Բայց, այնուամենայնիվ, WSJ-ի հարցազրույցում Ռուսաստանի բանակի և սահմանապահ ծառայության ստորաբաժանումներն իր երկրի տարածքից դուրս բերելու կոչեր չկան։ Պարբերականի այն հարցին, թե «Արդյո՞ք, դա նշանակում է, որ դուք մտադիր եք Ռուսաստանից պահանջել Հայաստանից ռազմաբազաների դուրսբերումը», հետևում է պատասխանը․ «Մենք նման հարց չենք քննարկում»։

Այսօր մեր երկրում շատ փորձագետներ քննարկում են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի՝ որպես այդպիսին, թույլատրելիությունը և դրա անվտանգությունը (վտանգը) Ռուսաստանի Դաշնության համար։ Մինչդեռ հարցը պետք է այլ կերպ դրվեր. Ո՞վ և ի՞նչ պայմաններում կարող է իրեն թույլ տալ դիվերսիֆիկացիա:

Հայաստանը Թուրքիայի, Քաթարի կամ Պակիստանի հետ համեմատելի կշիռ չունի։ Այսօր նա փաստացի ընտրում է իր հովանավորին պարտության ու ազգային նվաստացման պայմաններում։ Եվ հազարավոր արդարացի փաստարկներ կարելի է գտնել, որ Արևմուտքը լուծում է իր խնդիրները Կովկասում, իսկ Երևանին օգնելը առաջնահերթություն չէ ամերիկյան և եվրոպական խնդիրների ցանկում։ Բայց Հայաստանի իշխանությունները «ուզում են փորձել» հեջավորել ռիսկերը։ Մինչդեռ սա առաջին անգամը չէ, որ ձեռնարկվում է այս մարտավարությունը, «ղարաբաղյան երրորդ պատերազմը» միայն ընդգծեց այդ ձգտումները։ Այս ուղղվածությունը նախկինում հաջող չի եղել: Այնուամենայնիվ, պատկերացումը, թե ինչ է հաջողությունն ու ձախողումը, փոխվում է: Եվ Մոսկվայի համար չափազանց կարևոր է ռացիոնալ մոտեցում գտնել այս թրենդը փոխելու համար։ Փաշինյանի հայտարարությունների բովանդակային վերլուծությունը կարևոր է, և ՀՀ վարչապետի թիմի գործողությունները դժգոհության տեղիք են տալիս։ Կա միայն մեկ հարց. բացասական միտումները հաղթահարելը ` վիրավորանքների վրա կենտրոնանալով և տեղեկատվական առճակատման ձագարն ընկնելով, առնվազն խնդրահարույց է: Ստանդարտ գործողություններն այստեղ, անկասկած, բավարար չեն»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս