
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջև հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու շուրջ: Այս համատեքստում քննարկվել է միջխորհրդարանական խմբերի գործունեության կարևորությունը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված ջանքերի կարևորությունը: