Պուտինը ճիշտ է. Արցախի դագաղի մեխը խփել է Փաշինյանը, ոչ թե նախկինները

2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և Արցախի հայաթափման հիմքը դրած Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ Արցախն Ադրբեջան դարձնելու պատասխանատու է կարգել նախկին իշխանություններին։

Ի հեճուկս Փաշինյանի, սակայն, Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքեց Փաշինյանի մեղադրանքը՝ ուղղված նրա նախորդ իշխանությանը՝ ասելով, որ Արցախի հարցը փակել են ոչ թե նախկինները, այլ Փաշինյանը՝ Պրահայում իր արած հայտարարությամբ։

Ավելին, Պուտինը մանրամասնել է, որ նախկին իշխանություններն անգամ փորձել են հասնել Արցախում հանրաքվեի ժամկետի հստակեցման։

«Նախորդ տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն բանի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի: Առանց մանրամասներին տրվելու՝ ասեմ, որ նախկինում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի հարցով համաձայնության: Ի՞նչն էր խնդիրը. պայմանավորվում էինք, որ պետք է հանրաքվե անցկացվի: Սակայն մի կողմը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող նշել դրա անցկացման ժամկետը: Քանի որ, եթե ընթացիկ պայմաններում հանրաքվեն անցկացվեր՝ անկախ նրանից, թե երբ՝ վա՞ղը, թե՞ քսան տարի հետո, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր: Ուստի առաջարկվում էր այդ հարցը թողնել ապագա սերունդներին: Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր, որ որոշվի հանրաքվեի անցկացման օրը, իսկ այդ հանրաքվեին որոշվի Ղարաբաղի կարգավիճակը: Նրանք նույնպես ելնում էին նրանից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի քսան տարի անց, սակայն բնակչության ներկայիս կազմի պարագայում, արդյունքն ակնհայտ է: Ահա սա է խնդրի ամբողջ էությունը: Դե, իսկ ՀՀ ղեկավարությունը Պրահայում այս հարցը փակեց՝ անգամ քառակուսի կիլոմետրով նշելով Ադրբեջանի Հանրապետության տարածքը»,– ասել է ՌԴ նախագահը։

168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերահաստատեց Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ շեշտելով, այո՛, նախկինները բանակցում էին ոչ թե Արցախի հանձնման, այլ Արցախի համար հանրաքվեի ժամկետ ֆիքսելու և հայկական Արցախը պահպանելու համար։

«Իհարկե՛, նախկինների ժամանակ Արցախի հիմնախնդրի վեճը հանրաքվեի ժամկետն էր։ Լավրովի պլանում վիճահարույց կետն այն էր, որ Ադրբեջանը փորձում էր լղոզել հանրաքվեի ինստիտուտը, իսկ Հայաստանը փորձում էր հանրաքվեի ժամկետը հստակեցնել։ Հարցրեք Արցախի հիմնախնդրով զբաղվող ցանկացած մարդու, և նա դա կհաստատի։ Այո՛, Լավրովի պլանով Արցախի սուբեկտայնությունը կասկածի տակ չէր դրվում։ Այն, որ Արցախի սուբյեկտության դագաղի մեխը Փաշինյանն է խփել, Պուտինն այստեղ ճիշտ է ասում։ Մի՞թե պետք է Պուտինն ասի, որ մենք հասկանանք, որ Փաշինյանն է խորտակել Արցախը»,- ասաց Սուրենյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս