
Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է հրթիռի առաջին արձակումը մարդատար տիեզերական առաքելության շրջանակներում

Հնդկաստանի «Գագանյաան» մարդատար առաքելության շրջանակներում հրթիռի առաջին արձակումը անսարքությունների վերացումից հետո հաջող է անցել: Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտնել է Indian Express պարբերականը:
«Առաքելությունը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին արևելյան ստանդարտ ժամանակով առավոտյան ժամը 10-ին (Երևանի ժամանակով 08:30 – Խմբ.): Անձնակազմի էվակուացիայի համակարգը հաջողությամբ առանձնացրել է անձնակազմի մոդուլը մեկնարկային մեքենայից: Պարաշյուտով թռչելուց հետո նա հաջողությամբ վայրէջք է կատարել Բենգալյան ծոցում»,-հայտնում է պարբերականը:
Ուղիղ հեռարձակումն իրականացվել է հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) կայքում:
Այս փորձարկումները պետք է ցույց տային, թե արդյոք անձնակազմը կկարողանա անվտանգ լքել հրթիռը անսարքության դեպքում: «Գագանյաան» առաքելությունը Հնդկաստանի ավելի մեծ նպատակների մի մասն է՝ ուղեծիր ուղարկել իր սեփական տիեզերակայանը, իսկ ավելի ուշ՝ տիեզերագնացին Լուսին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գրասենյակը հայտնել էր, որ երկիրը նախատեսում է անձնակազմով առաքելություն ուղարկել Լուսին մինչև 2040 թվականը: Տիեզերքի նախարարությանը հանձնարարված է մշակել Լուսնի հետախուզման ճանապարհային քարտեզ, որը կներառի «Չանդրայան» նոր առաքելությունների շարք, նոր սերնդի արագացուցիչի մշակում: