ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ըստ այդմ՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա, չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։
Փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ»,- գրել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից։