Կա դատարանի որոշում, որով սևով սպիտակի վրա գրված է՝ փողերի լվացման մասին Արմեն Աշոտյանի գործում խոսք լինել չի կարող անգամ ցածրագույն չափանիշով, և դա արձանագրված է. Ռուբեն Մելիքյան

«Իմ տպավորությամբ՝ դրա պատճառն այն է, որ մեղադրանքի ֆունկցիան իրականացնում էր նախկին դատախազ Դոլմազյանը, այլ ոչ թե նա իրականացնում էր դատավորի գործառույթ: Դատախազները հանգիստ նստած էին, որովհետև կարծում եմ՝ լավ հասկանում էին, թե ինչ է լինելու դատարանի որոշումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության խայտառակ նիստերի ընթացքում դատախազների կատարյալ պասիվությանը:

Խոսելով երաշխավորների ներկայացուցչական կազմի և դատավորի այն զավեշտալի մտքի մասին, թե ինքը չի ճանաչում Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրած Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախագահին, հետևաբար՝ նրանք իր համար վստահություն չեն ներշնչում, Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ որևէ երկրի նախագահ լինելու հանգամանքը կամ ԵԱՀԿ կառույցի ղեկավար լինելն ինքնին հեղինակության մասին է վկայում:

«Երաշխավորության գաղափարն այն մասին չէ, որ դատավորը պարտադիր պետք է ճանաչի երաշխավորներին: Ի՞նչը կարող է լինել առավել մեծ հեղինակության մասին, քան Կոլումբիայի նման երկրում նախագահ դառնալը: Մարդն ասում է՝ ես իմ խոսքն եմ դնում սեղանին: Բավականին մեծ գումար առաջարկված գրավը, երաշխավորների անձը, տնային կալանքը, որը գրեթե կալանքին հավասար բան է, փաստորեն որևէ նշանակություն չունեցան: Էլ չենք խոսում առհասարակ Արմեն Աշոտյանի անձի ու նրա հեղինակության մասին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այն որոշմանը, ըստ որի՝ Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմ այս քրեական վարույթում չկա, ու այդ առնչությամբ չի հաստատվել հիմնավոր կասկածի շեմը, պաշտպանն ասաց՝ այդ որոշման առնչությամբ իրենք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել:

«Կա դատարանի որոշում, որով սևով սպիտակի վրա գրված է, որ փողերի լվացման մասին այստեղ խոսք լինել չի կարող անգամ ցածրագույն չափանիշով: Եվ դա արձանագրված է: Այդպիսի դեպքեր հազվադեպ են լինում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է վրեժխնդիր լինում իշխանությունը, պաշտպանն ասաց՝ Արմեն Աշոտյանի կերպարն առանձնահատուկ է:

«Ամեն ինչ կարելի է նրան վերագրել, բացի գորշ լինելուց: Նա վառ անհատականություն է, մարդ, որը կարողանում է փաստարկված խոսել այն խայտառակությունների մասին, որ մեր երկրում տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ: Արմեն Աշոտյանի կերպարն այնպիսին է, որ նա իրոք մեծ վնաս էր տալիս գործող իշխանությանը նաև իր խարիզմայով ու քաղաքական կապերով: Հայաստանի պատմության մեջ մեկ այլ պետության նախկին նախագահ որևէ մեկի համար երաշխավորություն չի ներկայացրել: Մեր քաղաքական դաշտում Արմեն Աշոտյանի նման մարդիկ մի ձեռքի մատների վրա կարող ես հաշվել: Պարզ է, որ իշխանություններին պետք է ձեռնտու լինի, որ նման մարդիկ գտնվեն անազատության մեջ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս