
Դիլիջանում BMW-ն բախվել է հեղուկ գազի ցիստեռնով բեռնատարին. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Հոկտեմբերի 21-ին` ժամը 00:36-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թբիլիսյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանի մոտակայքում BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ե., ծնված 1998 թ.) բախվել է կայանած հեղուկ գազի ցիստեռնով ZIL մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Ղ.). բեռնատարի հեղուկ գազի բալոնից առկա է արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Բ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: