Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր առնվազն 22 լրագրող է զոհվել
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր ավելի քան 20 լրագրող է զոհվել։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 20-ին հայտնել է Լրագրողների պաշտպանության միությունը։
Ըստ միության հրապարակած զեկույցի՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրողի անուն է ընդգրկված երկու կողմից զոհված ավելի քան 4 հազար անձանց ցանկում։
Ինչպես նշում է կազմակերպությունը, Իսրայելի ցամաքային գործողությունների նախաշեմին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի անջատումների ու Իսրայելի կործանարար ավիահարվածների ֆոնին հատկապես վտանգված են Գազայի հատվածում գտնվող ու հակամարտությունը լուսաբանող լրագրողները։
Համաձայն զեկույցի՝ զոհված 22 լրագրողից 18-ը պաղեստինցի են, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Բացի այդ, հակամարտության լուսաբանման ընթացքում լրատվամիջոցների 8 աշխատակից է վիրավորվել, իսկ 3-ը համարվում են անհետ կորած կամ կալանավորված։