Երևանի մանկապարտեզներում երեխաներին տեղավորելու խնդիրն առկա է եղել մինչև ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանելը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները Երևանի մանկապարտեզներում տեղավորվելու խնդիր ունեն , սակայն մինչև իրավիճակի նման փոփոխությունը մայրաքաղաքի 162 մանկապարտեզներում արդեն իսկ կան հերթում սպասող 8300 երեխաներ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիրներին, այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանն՝ ընդգծելով, որ խնդիրը հիմնականում վերաբերվում է կրտսեր առաջին տարիքային խմբերին՝ այսինքն՝ երկու տարեկան երեխաներին:

«Երևանում իսկապես այս տարիքային խմբում ունենք խնդիր, քանի որ մեր մանկապարտեզներից միայն 70-ի մոտ է ձևավորված կրտսեր առաջին տարիքային խմբեր և ի տարբերություն ավելի բարձր տարիքային խմբերի, որտեղ կարող են ընդգրկվել 30 երեխաներ, կրտսեր առաջինում՝ ըստ նորմատիվների, խմբում կարող է ընդգրկվել 20 երեխա: Սա է հիմնական խնդիրը, որ մենք չենք կարողանում աջակցել 2 տարեկան երեխաներին մանկապարտեզ ներգրավելու գործում: Նաև նշեմ, որ 162 մանկապարտեզներից 20-ն այս պահին չեն գործում, որովհետև վերանորոգման փուլում են գտնվում: Դրանցից 10-ի շինարարության ավարտը պլանավորվում է այս տարի, որը նույնպես նոր հնարավորություններ կստեղծի»,-նշեց Ելենա Հարությունյանը:

Նա ընդգծեց , որ ինտենսիվ աշխատում են կրթության գերատեսչության հետ ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նախադպրոցական կրթությունը և բոլոր դեպքերում առաջնահերթություն տրվելու է այն ընտանիքներին, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Սակայն այս պահին քննարկում են, որպեսզի աշխատանքներն իրականցվեն այնպես, որ ոչ մի քաղաքացու իրավունք չխախտվի:

«Պետք է նշեմ, որ այս պահին մանկապարտեզների մյուս տարիքային խմբերում արդեն հաճախում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շուրջ 500 երեխաներ»,- հավելեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Խնդրի մասին բարձրաձայնած «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Աբրահամյանը նշեց, որ սեփական երեխաների փորձով հարցին բախվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որին արձագանքել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկներ: Ըստ նրա՝ շուրջ 90 տոկոսը բախվել է այդ խնդրին և չի կարողացել տեղավորել երեխային:

«Այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծում գտնի, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առավել քան շուտ անհրաժեշտ է աշխատել, իսկ երեխաներին՝ առավել քան արագ ինտեգրվել, հաշվի առնելով հոգեբանական ծանր ապրումները, որոնց միջով իրենք անցել են»,-ասաց Մարիամ Աբրահամյանը:

Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն էլ ընդգծեց, որ իրենց ասոցիացիայում ընդգրկված մանկապարտեզներում այս պահին հաճախում են արդեն իսկ 85 երեխաներ, որոնցից 90 տոկոսը՝ անվճար հիմունքներով, 10-ը՝ բավականին մեծ զեղչերով:

«Չեմ ուզում սա դիտվի խտրականություն, քանի որ մինչև այս իրավիճակի ստեղծումը, ինչպես նշեց տիկին Հարությունյանը, 8300 երեխա կա արդեն հերթում և դա նշանակում է, որ 8000 մայրիկ նույնպես սպասում է, որպեսզի իր երեխան օգտվի կրթության իրավունքից: Մենք փորձում ենք և կշարունակենք հնարավորինս շատ օգնել, բայց մեր հնարավորությունները՝ կոնկրետ մասնավոր մանկապարտեզների, անսահմանափակ չեն»,- նշեց Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս