Կիմ Չեն Ընը Լավրովին հայտնել է Պուտինի հետ ձեռք բերված բոլոր համաձայնություններն իրականացնելու մտադրության մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Փհենյանի և Մոսկվայի «նախաձեռնողական արձագանքը» տարածաշրջանային և միջազգային բարդ իրադրությանը` «ռազմավարական փոխվստահության» հիման վրա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Զրույցի ընթացքում ընկեր Կիմ Չեն Ընը և Սերգեյ Լավրովը քննարկել և համաձայնության են եկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի շուրջ»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Լավրովը երկօրյա այցով Հյուսիսային Կորեա էր մեկնել հոկտեմբերի 18-ին։ Ըստ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովի և Կիմ Չեն Ընի հանդիպումն անցել է ընկերական և ջերմ մթնոլորտում։
Բացի այդ, հաղորդվում է, որ «Կիմ Չեն Ընը հայտնել է հանրապետության կուսակցության և կառավարության անկոտրում մտադրությունը՝ լիարժեք իրականացնելու կորեա-ռուսական գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները՝ կերտելու երկարաժամկետ, կայուն և դեպի ապագան միտված կորեա-ռուսական հարաբերությունների նոր դարաշրջան»:
Սեպտեմբերի 12-ից 17-ը Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել էր Ռուսաստան։ Սեպտեմբերի 13-ին նա «Վոստոչնի» տիեզերակայանում բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուղևորության ընթացքում ԿԺԴՀ ղեկավարն այցելել էր Ամուրի Կոմսոմոլսկի Յու. Գագարինի անվան ավիացիոն գործարան, Կնևիչի օդանավակայան և «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատ։ Նա նաև դիտել էր «Քնած գեղեցկուհին» բալետը, այցելել Հեռավոր Արևելքի դաշնային համալսարան, օկեանարիում և կերերի ու սննդի հումք արտադրող գործարան: