ՄԱԿ-ը Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից
ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Բանաձևի դրույթների համաձայն, որը կանոնակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որոշ սահմանափակող միջոցների գործողությունը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, ավարտվում է բանաձևի ընդունման օրվանից՝ 2015 թվականի հոկտեմբերի 18-ից հետո ութ տարի անց։
«Այսպիսով, 6-րդ (c) և (d) կետերի համապատասխան՝ քարտուղարությունը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի կայքից հանել է 23 ֆիզիկական և 61 իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ տարածվել են սահմանափակող միջոցներ», – ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկառլոյի նամակում:
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան որոշում են ընդունել ԳՀՀԾ-ով նախատեսված հոկտեմբերի 18-ի վերջնաժամկետից հետո պահպանել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Նրանք հայտարարել են, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները 2019 թվականից ի վեր և հավելել են, որ խնդիրը չի լուծվել վեճերի լուծման մեխանիզմի միջոցով: Կանադան նույնպես միացել է պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը։
Ըստ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի՝ երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները և սահմանափակումները «անհիմն են, անարդար և անօրինական»։