Դիվանագիտական շանտաժի դրսևորումներից է՝ պարտադրելով ստորագրել տալ փաստաթուղթ. Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ, Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին հրապարակումներն օրակարգում առկա «խաղաղության պայմանագրի» ստորագրման գործընթացն առաջ տանելու դիվանագիտական շանտաժի դրսևորումներից է, որով փորձում են պարտադիր կերպով իրականացնել փաստաթղթի ստորագրման գործընթացը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հատկապես բուռն քննարկվում է Հայաստանի Հանրապետության վրա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հնարավոր հարձակման հավանականության հարցը: Այս խոսակցությունները ծավալվեցին հատկապես Նախիջևանում ադրբեջանական ռազմաբազայի բացմանը Թուրքիայի նախագահի մասնակցության ու տանդեմի կողմից հոկտեմբերի 23-25-ը նախատեսվող զորավարժությունների ֆոնին:
«Նրանք փորձում են մտցնել այն մոտեցումը, որ եթե Հայաստանը չգնա «խաղաղության պայմանագրի» ստորագրման այն ճանապարհով, որն իրենք են պատկերացնում, այսինքն՝ արևմտյան հարթակում, ապա, հնարավոր է՝ պատերազմ լինի: Նույն տրամաբանությամբ ես դիտարկում եմ նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտնի նամակը Նիկոլ Փաշինյանին:
Ի՞նչ աստիճանի որակական անկում պետք է լինի իշխանության ներսում, որ Սահակաշվիլին կարծի, թե իրավունք ունի դիմել Հայաստանի իշխանություններին, այն էլ՝ խորհուրդներ տալով»,- ասաց քաղաքագետը՝ առանձնացնելով նամակում արտահայտված առանցքային երկու միտք՝ «խաղաղության պայմանագիրն» անհապաղ ստորագրելու կոչը և անգամ այդ պայմանագիրը ստորագրելուց ու կոմունիկացիաների վերահսկողությունը ՌԴ-ին հանձնելուց հետո էլ Պուտինի ներմանը չարժանանալու հավանականության շեշտումը:
Մաթևոսյանի պնդմամբ՝ մեր երկրի սահմանների լեգիտիմացման համակարգը հիմնվում էր երկու բաղադրիչների վրա՝ Արցախի Հանրապետության գոյության փաստը՝ դրանից բխող արդյունքով, և ՌԴ-ի հետ մեր ռազմավարական հարաբերությունները:
Ըստ քաղաքագետի, ներկա իշխանություններն Արցախը հանձնեցին Ադրբեջանին և ոչնչացրեցին Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները՝ չունենալով որևէ այլընտրանք ու այդպիսով կասկածի տակ դնելով Հայաստանի գոյությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան