Բելգիան ցանկանում է մասնակցություն ունենալ տարածաշրջանում խաղաղության գործընթացին. դեսպան

Բելգիան Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը նոր թափ է հաղորդում։ Այդ գործում կարևոր քայլ է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ Բելգիայի ԱԳՆ-ն հունիսին որոշեց դեսպանություն բացել Հայաստանում և այսօր այն արդեն գործում է։ Դեսպանի խոսքով՝ դեսպանության համար մի շարք կարևոր գործոններ կան, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում ու տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպային ավելի մերձենալու Հայաստանի իշխանությունների ցանկությունը։

«Դրանից բացի, Բելգիան ցանկություն ունի նաև սատարել Հայաստանում ժողովրդավարական գործընթացները։ Բելգիան ԵՄ հիմնադիր անդամ երկրներից մեկն է և մեր երկիրը ցանկանում է մասնակցություն ունենալ տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ Ինչպես գիտեք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բելգիացի է և իր նպաստն է բերում գործընթացին»,-ասաց դեսպան Էրիկ դը Մույնքը։

Նա ընդգծեց՝ Բելգիայի ԱԳ նախարարը հաստատել է այն օգնությունը, որ Բելգիան պետք է ցուցաբերի Հայաստանին ԼՂ-ից փախստականներին սատարելու համատեքստով։ Այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք իրականացվում է։ Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 3 անձի բուժումը կկազմակերպվի Բելգիայում։ Դեսպանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ է համակարգել այդ գործընթացը՝ ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս