Այս հանցագործությունն անպատիժ չի մնա․ Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո
Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։
Դատապարտելով առնվազն 500 մարդու կյանք խլած հարձակումը՝ Իրանը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու «ռասիստական սիոնիստական ռեժիմին»։
Իսրայելը պնդում է, թե Գազայի հիվանդանոցին հարվածել է պաղեստինյան հրթիռ, որն արձակել է «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը ալ-Ահլի հիվանդանոցի մերձակա գերեզմանոցից։
«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությունը, որը ՀԱՄԱՍ շարժման հետ միասին մասնակցել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, հերքել է, որ հիվանդանոցում պայթյունի պատճառ է դարձել հրթիռի ձախողված արձակումը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 3300-ի։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։