Բաժիններ՝

Իրավապաշտպան կազմակերպություններն Իսրայելին մեղադրել են Գազայում և Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը սպիտակ ֆոսֆորով զինամթերք է կիրառել Գազայում և Լիբանանում։

Կազմակերպության ճգնաժամային իրավիճակների հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան Al Jazeera-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ կան ստուգված տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է իսրայելական բանակը Գազայի քաղաքացիական հատվածների վրա ֆոսֆորային հրետանային արկեր արձակում։ Ռովերան նշել է, որ առայժմ չկան տեղեկություններ տուժածների մասին։

Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը քաղաքացիական հատվածներում համարվում է պատերազմական հանցագործություն։

Իր հերթին լիբանանյան Al Wataniya գործակալությունը հայտնել է, որ ֆոսֆորային զինամթերք է արձակվել լիբանանաիսրայելական սահմանի հարակից շրջանների վրա։ Ըստ գործակալության՝ հարձակման հետևանքով կան տուժածներ, սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում։

Օրերս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունը նույնպես հայտարարել էր, որ ստուգել է հոկտեմբերի 10-ին և 11-ին Լիբանանում և Գազայում արված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս հրետանու կողմից արձակված սպիտակ ֆոսֆորի բազմաթիվ օդային պայթյուններ Գազա քաղաքի նավահանգստի մոտ և Իսրայել-Լիբանան սահմանին՝ երկու գյուղական վայրերում։

Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին ավելի ուշ հայտարարել է, թե երկիրը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս