Բաժիններ՝

Ուկրաինայի էներգետիկ ոլորտի օժանդակության համար Վաշինգտոնի կողմից հատկացված գումարը կազմում է 522 մլն դոլար

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային է հատկացրել 522 մլն դոլար էներգետիկ ոլորտի օժանդակության համար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Էներգետիկայի ոլորտի վերականգնման և պաշտպանության համար Միացյալ Նահանգներն արդեն հատկացրել է 522 միլիոն դոլար», – գրել է նա իր Telegram ալիքում։

Բացի այդ, ըստ Շմիգալի, ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծվել է սակրավորների պատրաստման հատուկ ուսումնական կենտրոն։

«Մենք արդյունավետորեն աշխատում ենք նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ փոքր և միջին գործարարության աջակցության ծրագրերով», – հավելել է վարչապետը։

Շմիգալի խոսքով՝ էներգետիկ օբյեկտների պաշտպանության հարցը քննարկվել է Ուկրաինայի նախագահին առընթեր Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահության նիստում։ Հանդիպմանը մասնակցել է Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պենի Պրիցկերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինա ժամանած Պրիցկերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Կիևը շահագրգռված է էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումներ ներգրավելու հարցում։ Զելենսկիի խոսքով՝ Կիևն ամերիկյան բիզնեսի ակտիվ ներգրավվածության հույս ունի Ուկրաինայի տնտեսության տարբեր ճյուղերի երկարաժամկետ նախագծերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության ոլորտներում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ամերիկյան ընկերությունների մասնակցությունն ուկրաինական էներգահամակարգի վերակառուցմանը, ինչը հույժ հրատապ է ձմեռվա նախաշեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս