Իսրայելը հարվածել է թիրախների Գազայում և Լիբանանում, հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են ռազմական գործողությունների շրջաններից
Իսրայելի օդուժը հայտարարել է, որ Լիբանանում հարվածել է «Հեզբոլլահ» շիական կազմակերպությանը պատկանող թիրախների։ Այս մասին հաղորդում է Arab News պարբերականը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած անակնկալ հարձակումից հետո բախումներ են տեղի ունեցել նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Լիբանանյան կողմից զոհերի թիվը շուրջ 10 է։ Նրանց մեծ մասը զինյալներ են, սակայն զոհերի թվում է նաև Reuters-ի թղթակիցը և 2 քաղաքացիական անձ։ Իսրայելական կողմում առնվազն 2 մարդ է զոհվել։
Իսկ հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է 4 մարդու, որոնք փորձում էին Լիբանանի տարածքից մտնել երկիր։
ԻՊԲ-ն նաև հայտնել է հոկտեմբերի 17-ի գիշերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպության շուրջ 200 թիրախ ոչնչացնելու մասին։
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Գազայի հյուսիսից գրեթե 600 000 մարդ է փախել, սակայն շուրջ 100 000 մարդ դեռ մնում է։ Ըստ խոսնակի՝ ցամաքային գործողություն սկսելուց առաջ Իսրայելի տարածած նախազգուշացումից հետո «600 000 պաղեստինցիներ ընդունել են խելացի և ինքնապահպանման» որոշում՝ շարժվելու դեպի հարավ։ Նա կոչ է արել մնացած 100 000-ին նույն կերպ վարվել։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ շուրջ 1 միլիոն պաղեստինցի լքել է իր տունը և սննդի, ջրի ու վառելիքի խիստ պակաս ունի։
Իր հերթին իսրայելական կողմը հայտնել է, որ վերջին 10 օրվա ընթացքում շուրջ կես միլիոն իսրայելցի է տարհանվել։ Իսրայելը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր նաև Լիբանանի հետ սահմանին գտնվող 28 համայնքներից հազարավոր բնակիչների տարհանման մասին։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ, ըստ ԻՊԲ-ի, պատանդ է պահվում 199 մարդ