Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. ինչ է նա ասել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննել են ապօրինի զենքի ձեռք բերման գործի շրջանակներում:
Բալասանյանը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ այնպիսի բաներ է հայտնել, որ, ըստ էության, նախաքննական մարմինը այս գործով անցնող անձանց դեմ որեւէ բան չի գտել: Նկատենք, որ այս քրեական գործը հարուցվել է մոտ 4-5 ամիս առաջ, որով անցնում է նախկին հայտնի պաշտոնյա, ում անունը կհրապարակենք առաջիկայում:
Տեղեկացնենք, որ Վիտալի Բալասանյանի եւ նրա որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն կարճվել է: Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային:
Բալասանյանների պաշտպանը պնդել է, որ, 74 միլիոնի փոխարեն, ավելի քան 300 միլիոնի ծրագիր է իրականացրել Բալասանյանի որդին։ Արցախի տարածքում այդ գումարով նոր մեղվաընտանիքներ են ձեւավորվել, վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն էր համարել»: