
ԱՄՆ-ն և Վենեսուելան նախատեսում են պատժամիջոցները մեղմելու վերաբերյալ գործարքի

ԱՄՆ-ն և Վենեսուելան համաձայնության են եկել գործարքի շուրջ, որի համաձայն Միացյալ Նահանգները կթուլացնի պատժամիջոցները երկրի նավթային հատվածի նկատմամբ, իսկ Վենեսուելան 2024 թվականին միջազգային վերահսկվող նախագահական ընտրություններ կանցկացնի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը համաձայնության են եկել գործարքի շուրջ, ըստ որի՝ ԱՄՆ-ը կթուլացնի պատժամիջոցները Վենեսուելայի նավթարդյունաբերության նկատմամբ, իսկ ավտորիտար պետությունը թույլ կտա հաջորդ տարի մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնել միջազգային վերահսկողության ներքո»,- ասվում է հոդվածում:
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցների մասին հայտարարել այն բանից հետո, երբ Վենեսուելայի ներկայիս կառավարությունը համաձայնագիր ստորագրի ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ընդդիմության հետ՝ պարտավորվելու 2024 թվականին «ավելի ազատ» ընտրություններ անցկացնել։