
Մոպեդով Գառնու ձորն ընկած քաղաքացին մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 08։47-ին տեղեկություն է ստացել, որ Գառնու ձորում նկատվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոպեդը (վարորդ՝ Է. Հ., ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):
Նշվում է, որ փրկարարները ձորից դուրս են բերել Է. Հ.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Դուրս է բերվել նաև մոպեդը։