Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Այդ որոշումը ես չեմ ստացել, մեզ բանավոր են տեղեկացրել՝ հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը, որն անհնարին է դարձրել պատշաճ կարգով դատավարական որոշումները դատավարության մասնակիցներին ուղարկել: Քանի դեռ որևէ քննչական գործողություն չի կատարվել և այն Հայաստանում չի շարունակվում, կարծում եմ՝ չի էլ կարող շարունակվել, գտնում ենք, որ այդ հաղորդումն իրավացի է ու համապատասխանում է իրականությանը»,-շեշտեց Մարտիրոսյանը:

2023-ի հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին` քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Ավելի ուշ նա ազատ է արձակվում:

Տեսանյութեր

Լրահոս