
ԼՂ-ից բռնի տեղահանված գյուղոլորտի գործարարներին օգնելու համար պետական աջակցության ծրագրերում կկատարվեն փոփոխություններ

Էկոնոմիկայի նախարարությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գյուղատնտեսության ոլորտի գործարարների, ֆերմերների հետ հանդիպմանը վերհանվել են խնդիրները, դրանց հիման վրա պետությունը կվերանայի պետական աջակցության ծրագրերը:
Այս մասին ասացին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում:
«Ներկայացվեց ոլորտային քաղաքականությունը, ինչպես նաև բոլորը հարցերը, որոնք կարող են առնչվել և հնարավորություններին, և մարտահրավերներին: Ներկայացվեցին նաև կառավարության կողմից առաջարկվող և գործող ծրագրերը ՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով: Ինչպես նաև քննարկվեցին ֆերմերներին, գործարարներին հետաքրքրող, կարիքները վերհանելու նպատակ ունեցող հարցեր»,-ասաց փոխնախարար Արման Խոջոյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև հայաստանյան գործարարներ, որոնք առաջարկներ են հնչեցրել հանդիպմանը մասնակից ֆերմերներին, տնտեսավարողներին: Մասնակիցները նաև կարևորել են վերապատրաստումները: Նախարարության հիմնական նպատակն է եղել հանդիպման արդյունքում գնահատել կարիքները, քանի որ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են և հիմնված են շահառուների կարիքների վրա:
Փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ասաց, որ արդյունավետ քննարկման արդյունքում վերհանվել են բոլոր խնդիրները: «Այդ խնդիրների հիման վրա մենք նախատեսում ենք վերանայել ծրագրերը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել, մասնավորապես սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռենք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին օգտվելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից»,-ասաց նա:
Ծրագրերը, նրա վստահեցմամբ, շատ են: Շիրվանյանը հուսով է, որ հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ:
Խոջոյանը, դիմելով Հայաստանում գործող կազմակերպություններին, ասաց, որ նախարարությունը պատրաստ է կամուրջ հանդիսանալ, համակարգել, եթե նրանք ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ համագործակցության հնարավորություն տեսնեն:
Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին: