Հայկական իշխանության քայլերն են իրավական «դաբրո» տալիս Ադրբեջանին ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Ադրբեջանը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում ներխուժել Հայաստան. կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նույն բովանդակությամբ հայտարարություն է արել նաև կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

Իրադարձությունների միանգամայն տրամաբանական զարգացում, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում  թուրք-ադրբեջանական տանդեմի դոկտրինը Հայաստանի մասնատման մասով չի փոխվել։

(տեղյա՞կ եք ,ու՞ր են կորչել նրանք, ովքեր մշտապես բղավել են֊Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք)։

Իրավիճակը սրում են փաշինյանական իշխանությունների գործողությունները, որոնք ճանաչելով նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փաստացի օրինականացրել են Հայաստանը հիմնական լոգիստիկ ուղիներից դեպի Վրաստան և Իրան կտրելու Ադրբեջանի մտադրությունը ։

Հայաստանի  նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները ենթադրում են անեքսիա ոչ միայն  Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի մարզերի տարածքների օկուպացիայի գործընթաց , այլեւ Հայաստանի ողջ հարավի նկատմամբ ՝ Հայաստանի ողջ տարածքի հետագա բնակեցումը եկվոր թուրքական տարրով ։

Կրկնենք, հենց հայկական իշխանության քայլերն են իրավական «դաբրո» տալիս Ադրբեջանին ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։

Բայց զավեշտը նրանում է, որ նույնիսկ այս կարգի զարգացումների ներքո Հայաստանի իշխանությունները զբաղված են միայն  հերթական մեղավորների «նշանակելու» գործով։

Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտը չի հերքել  այս տեղեկատվությունը»։

Տեսանյութեր

Լրահոս