Բաժիններ՝

ԱՀԿ-ում հայտարարել են Գազայի հատվածում առողջապահական համակարգի խիստ ծանր վիճակի մասին

Գազայի հատվածում առողջապահական համակարգը խիստ ծանր վիճակում է: Այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Տարիք Յաշարևիչը, որն Իսրայելին կոչ է արել չեղարկել Գազա քաղաքից դեպի հարավ 1,1 միլիոն բնակիչների տարհանման կարգադրությունը։

«Գազայի հատվածում առողջապահական համակարգը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,- Յաշարևիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ – Հումանիտար աղետի կանխման ժամանակն սպառվում է այն պայմաններում, երբ վառելիք, ջուր, սնունդ, ինչպես նաև կենսականորեն անհրաժեշտ բժշկական և հումանիտար բեռներ չեն կարող շտապ հասցվել Գազայի հատված լիակատար շրջափակման պայմաններում», – հավելել է նա:

«ԱՀԿ-ն միանում է Իսրայելին ուղղված ՄԱԿ-ի այլ կառույցների կոչին՝ անհապաղ չեղարկել 24 ժամվա ընթացքում Գազայի հյուսիսում բնակվող 1,1 միլիոն մարդկանց տարհանման կարգադրությունները։ Հաշվի առնելով ներկայիս ավիահարվածները՝ խաղաղ բնակիչների համար չեն մնացել անվտանգ վայրեր, ուր կարելի է հեռանալ», – պարզաբանել է նա:

Պաղեստինցիներն ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ «հնարավոր չէ տարհանել Գազայի հյուսիսի հիվանդանոցների խոցելի հիվանդներին»։ Այնտեղ գտնվող երկու խոշոր հիվանդանոցներն արդեն սպառել են 760 հիվանդի ընդունելու` իրենց հնարավորությունները, ասել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Յաշարևիչի տվյալներով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհվել է առողջապահության 11 աշխատող, 16-ը վիրավորվել է:

Իսրայելը Գազայի հատվածի քաղաքացիական անձանց հաղորդագրություններ է ուղարկել՝ հորդորելով հեռանալ դեպի հարավ՝ Գազա գետի մոտ՝ «հանուն իրենց անվտանգության և պաշտպանության»։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս