Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Կիևին 123 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

Միացյալ Թագավորության և Դանիայի հիմնած Ուկրաինային օգնության միջազգային հիմնադրամից ավելի քան 100 միլիոն ֆունտ (123 միլիոն դոլար) կհատկացվի Կիևին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ օգնության մասին Բրյուսելում հոկտեմբերի 11-ին կհայտարարի Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շեփսը՝ հիմնադրամի մասնակից երկրների իր պաշտոնակիցների հետ միասին։ Գումարը կօգտագործվի տեղանքի ականազերծման սարքավորումների մատակարարումների, ռազմական տեխնիկայի սպասարկման և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար շինությունների կառուցման նպատակով:

Հիմնադրամին նվիրատվությունների ընդհանուր ծավալը ներկայում կազմում է 785 միլիոն ֆունտ (964 միլիոն դոլար): Մեծ Բրիտանիան, որը հիմնադրամի հիմնական դոնորն է, դրա կարիքների համար փոխանցել է 500 միլիոն ֆունտ (մոտ 620 միլիոն դոլար): Հիմնադրամին վճարումներ են կատարել նաև Դանիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի իշխանությունները:

Բացի այդ, արևմտյան երկրներն Ուկրաինային կփոխանցեն գերկարճ հեռահարության Terrahawk հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, որոնք նախատեսված են փոքր օդային թիրախներ, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։

Բրիտանական MSI ընկերության արտադրության այս համալիրներն առաջին անգամ ներկայացվել են 2022 թվականի սեպտեմբերին։ Terrahawk-ի հիմնական սպառազինությունը 30 մմ տրամաչափի Bushmaster II Mk 44 ավտոմատ թնդանոթն է՝ մինչև 400 փամփուշտ լիցքավորված զինամթերքով։ Թնդանոթի հեռահարությունը հասնում է 2 կմ-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս