ԱՄՆ-ի նպատակն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանված լինեն․ Մեթյու Միլլեր
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա չի համաձայնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների հետ, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական նկրտումներ ունի»։
«Դա բոլորովին ճիշտ չէ։ Հարավային Կովկասում մեր միակ նպատակն է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տևական խաղաղություն և կայունություն, և, իհարկե, ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքները և իրավունքները պաշտպանված լինեն», – ասել է Մեթյու Միլլերը։
Նա նաև հրաժարվել է մանրամասներ հաղորդել Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Բաքվի պաշտոնյաների միջև այս օրերին Ադրբեջանում կայացած հանդիպման վերաբերյալ։