Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ երկրի դեմ ցանկացած գործողություն «կարժանանա կործանարար պատասխանի»
Իրանը կպատասխանի պաղեստինաիսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։
«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը», – հավելել է նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք Իրանը ձգտում է համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, Քանաանին հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդն ինքն է որոշում ընդունում ընթացիկ իրադրության վերաբերյալ»:
«Մենք որոշումներ չենք կայացնում տարածաշրջանում որևիցե կողմի, ներառյալ՝ պաղեստինցիների փոխարեն», – ընդգծել է նա։
Իրանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Թեհրանի ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի իսլամական երկրներն աջակցեն պաղեստինցի ժողովրդին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է այն հաղորդումները, թե Իրանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի որոշումների կայացման գործընթացին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։ Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, թե Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել Իսրայելի վրա հարձակումը, և որ հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ «կանաչ լույս է տվել» դրա իրականացման համար։