Իսրայելը հատուկ թռիչքներ է կազմակերպել պահեստազորայիններին երկիր վերադարձնելու համար
Մի շարք երկրներ հատուկ թռիչքների միջոցով իրենց քաղաքացիներին տարհանում են Իսրայելից։ Սակայն միևնույն ժամանակ հատուկ թռիչքներ են կազմակերպվում, որպեսզի արտերկրում գտնվող իսրայելցի պահեստազորայինները վերադառնան երկիր։ Այս մասին նշվում է վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի գրառման մեջ X սոցիալական հարթակում։
«Արտաքին գործերի նախարարությունն օգնում է հարյուրավոր իսրայելցիների, որոնք զորակոչվել են Հրաման 8-ով։ Մենք հատուկ թռիչքներ ենք կազմակերպել Հրաման 8-ով զորակոչվածների համար», – գրել է Քոհենը։
Նախարարը հավելել է, որ ամբողջ աշխարհի իսրայելցիներից ստացվել են «բազմաթիվ դիմումներ»․ նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ Իսրայել՝ «կամավորագրվելու, օգնության ձեռք մեկնելու»։
Իսրայելի քաղաքացիների մեծամասնության համար զինվորական ծառայությունը պարտադիր է, նույնիսկ եթե նրանք երկքաղաքացի են։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հոկտեմբերի 7-ից սկսած՝ զորակոչել է 300 000 պահեստազորայինների։ Նրանցից 100 000-ը գտնվում է Գազայի ցանկապատի մոտ։
Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 493 զոհի մասին։