ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ:
ՄԱԿ-ի առաքելության ժամանելու մասին են հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանումից հետո միայն հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունն առաջին անգամ մեկնեց Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության առաջին այցից հետո ներկայացվեց «եզրակացություն», որը հայկական կողմում քննադատությունների արժանացավ: Մասնավորապես ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր՝ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Իսկ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, քննադատելով Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը, շեշտել էր, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։