Ղրղզստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի զորավարժությունները

Ղրղզստանի Իսիկ Կուլի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր Ղրղզստանի Հանրապետության «Էդելվեյս» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը» – մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հաղորդագրությունից։

Մամուլի ծառայության տվյալներով՝ վարժանքների հիմնական նպատակն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների կառավարման մարմինների և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, միջոցառումները միտված են զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակվածության բարձրացմանը։

«Վարժանքների ընթացքում բարձր լեռնային պայմաններում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրներ՝ խաղաղապահ գործողության անցկացում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառմամբ և մարդասիրական օգնության տրամադրում», – նշված է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին ներգրավված են խաղաղապահ ուժերի մոտ 1500 զինծառայողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության օպերատիվ խմբերը։ Նաև մասնակցում են ավելի քան 200 միավոր հատուկ, զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմափոխադրական, կործանիչ և բանակային օդուժ, անօդաչու ավիացիա և մարտական նավակներ:

Տեսանյութեր

Լրահոս