Բաժիններ՝

Իրանը հերքել է իր առնչությունը Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակմանը, ԱՄՆ-ն նույնպես Իրանի մասնակցության ապացույցներ չի տեսել

Իրանը հերքել է այն տեղեկությունները, թե «Համաս»-ի հարձակումից առաջ իրանցի և արաբ պաշտոնյաների միջև Լիբանանում գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել։ Ըստ իրանական կողմի՝ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի վրա հարձակմանը, Պաղեստինի ղեկավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Այս մասին Amwaj.media հարթակին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը՝ հերքելով այն հաղորդումները, թե ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանումը մասնակցել է «Համաս»-ի որոշումների կայացման գործընթացին։

«Պաղեստինյան դիմադրության որոշումները լիովին անկախ են և անշեղորեն համապատասխանում են Պաղեստինի ժողովրդի օրինական շահերին: Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, այնուամենայնիվ, չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են բացառապես հենց Պաղեստինի կողմից», – ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։ ​​

Հայտարարությունում նաև նշվում է, որ Իսրայելի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին հաղորդումները կարող են մեկնաբանվել որպես իսրայելական կառավարության փորձեր՝ «արդարացնելու իրենց ձախողումը և այն վերագրելու Իրանի հետախուզական հզորությանը և օպերատիվ պլանավորմանը»:

Amwaj.media-ն հիշեցնում է, որ Իրանի գերագույն ղեկավարի քաղաքական խորհրդատու Ալի Շամխանին նույնպես հոկտեմբերի 8-ին «Համաս»-ի հարձակումը որակել էր որպես «անկախ շարժում»՝ միևնույն ժամանակ այն անվանելով «վճռական գործողություն» և «հանցավոր ռեժիմի դեմ օրինական պաշտպանության իսկական օրինակ»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 8-ին իր հերթին CNN-ի եթերում նշել է, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։

«Մենք դեռ չենք տեսել ապացույցներ, որ Իրանն ուղղորդել է կոնկրետ այս հարձակումը կամ կանգնած է եղել դրա հետևում», – ասել է Բլինքենը։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Իրանն օգնել է «Համաս»-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել Իսրայելի վրա հարձակումը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ «կանաչ լույս է տվել» դրա իրականացման համար։ Հոդվածում վկայակոչվում են «Համաս» և «Հեզբոլլահ» շարժումների բարձրաստիճան աղբյուրներ, եվրոպացի անանուն մի պաշտոնյա և սիրիական կառավարության մի խորհրդական։

Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 400-ից ավելի զոհի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս