Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. Հակոբ Սևան
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է:
Այս մասին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշեց Հակոբ Սևանը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։