
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժկենտրոններում՝ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։
Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս գործընթացը հնարավորություն է տալիս պետությանը ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը։
Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխաներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել։