Հայ սամբիստը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի մարզիկին և հռչակվել աշխարհի չեմպիոն
Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ Մհեր Օհանյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ մասնակցությամբ 26 պետության մարզիկների, մեկնարկեց 2023թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Հայ մարզիկներից մրցապայքարի մեջ մտան հինգը։
Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը, ցավոք, պարտվեց առաջին գոտեմարտում և դուրս մնաց հետագա պայքարից։ Պարտություններ կրեցին նաև երիտասարդների 58 և 79 քաշային կարգերում, համապատասխանաբար՝ Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։
Հաջող ելույթներ ունեցավ պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, ով վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադցի և ղազախ մրցակիցներին հասավ եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվեց FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարարվեց արծաթե մեդալով։
Գերազանց հանդես եկավ և ոսկե մեդալ նվաճեց պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ 8։0 հաշվով հաղթանակ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0 ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։