ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում արձանագրվել է 31 ծնունդ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում 31 ծնունդ է արձանագրվել, որից 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում:

Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632:

«31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում։ Գեղարքունիքում՝ 1, Շիրակում՝ 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3, Տավուշում՝ 1, Սյունիքում՝ 5»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջիկայում ևս մեկ ծնունդ է սպասվում Արարատի մարզում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել։

Տեսանյութեր

Լրահոս